Կիրակի օրվա նախագահական ընտրություններից առաջ չորեքշաբթի՝ մայիսի 3-ին, Ֆրանսիայում եզրափակիչ հեռուստաբանավեճն էր: Կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջ Մարին լը Պենը երկուսուկես ժամ կտրուկ քննադատում էին միմյանց: Քաղաքական մեկնաբանները հեռուստաբանավեճն անվանեցին վատագույնը V հանրապետության պատմության մեջ: Ֆրանսիական թերթերը գրեցին.
Le Figaro
Հինգ րոպեն էլ բավարար էր՝ հասկանալու, որ այս բանավեճը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների պատմության մեջ ամենաթեժն է լինելու: Սկանդալային էր, եթե չասենք ամոթալի: Առաջին մեղավորը Մարին լը Պենն էր: Նա ընտրել էր գրոհող տանկի մարտավարություն՝ կրակահերթեր արձակելով տարբեր կողմերից: Այն աստիճանի, որ նույնիսկ անհարմար է երեկվա ձեռնամարտն անվանել հեռուստաբանավեճ: Եթե մայիսի 7-ին Էմանուել Մակրոնին ընտրեն նախագահ, հանուն Ֆրանսիայի նրան պետք է միայն հաջողություն մաղթել: Ձախողման դեպքում բարդ է պատկերացնել, թե ինչի նման կլինեն 2022-ի հեռուստաբանավեճերը:
Libération
Անկեղծ ասած՝ Լը Պենը վատ էր պատրաստվել: Իհարկե, շատ հարցեր կան և Մակրոնի ծրագրին, բայց այդ հարցերն այնպես չեն բարձրացնում, ինչպես արեց Մարին լը Պենը՝ ծանր հրետանուց կրակելով ուր պատահի: Իր մրցակցի թուլության համապատկերում Մակրոնը հայտնվեց հեռուստադիտողների չսիրած «մարդ, որ ամեն ինչ գիտի» կատեգորիայում: Կենտրոնամետ թեկնածուի համար հեռուսաբանավեճի բարդությունը միայն դա էր:
Ouest-France
Այս բանավեճի գլխավոր առանձնահատկությունը, որ կայացավ, բայց ստացվեց խառնիճաղանջ ու աղմկոտ: Փաստացի՝ նոր ոչինչ: Թեկնածուներից մեկը ռեալիստ էր՝ հանդգնելով չափազանց զգուշավոր թվալ, երկրորդը խոստումներ էր շռայլում, առաջին հերթին՝ սոցիալական, որոնց իրականացման կարողությունը դժվար է գնահատել:
Le Télégramme
Բանավեճը շատ ուժեղ սկսվեց, հետո երկուսն էլ հանգստացան: Դժվար էր պատկերացնել, որ թեկնածուներն ընդունակ են այդ կակաֆոնիային երկուսուկես ժամ: Սկզբում նրանք, երկու բռնցքամարտիկի նման, միմյանց հարվածներ տեղացին, հետո անցան հանգիստ ռիթմի: Ընդհանուր առմամբ՝ բանավեճը հիշեցնում էր խուլերի երկխոսություն, առավել ևս, որ թեկնածուները չէին դիմում նույն հանդիսատեսին: Բանավեճը դարձավ անարխիկ ու հակասական ընտրարշավի շարունակություն:
La Montagne
Մենք ակնկալում էինք բարձրամակարդակ տեսակետների փոխանակում, իրականում տեսանք զուտ հարձակումներ, որոնց ամենից շատ դիմում էր Մարին լը Պենը: Նա ագրեսիվ էր, խառնում էր թղթապանակները, հարվածում էր գոտկատեղից ներքև: Նա անընդհատ Մակրոնից հաշվետվություն էր պահանջում Օլանդի հնգամյակի համար: Խոսելով իր համար սովորական թեմայից՝ անվտանգություն և ահաբեկչության դեմ պայքար, Մարին լը Պենը ջանում էր իր գերազանցությունը ցույց տալ:
La Dépêche du Midi
Նման հեռուստաբանավեճի ընթացքում հազվադեպ է հնարավոր հետևել՝ ինչպես են հայացքն ու դիմախաղը մատնում թշնամանքը, նույնիսկ դաժանությունը: Թերևս առաջին անգամ մենք տեսանք երկու թեկնածուների միմյանց լսել չցանկանալը: Չվերահսկվող ատելությունը: Այս վճռորոշ բանավեճը ցուցադրական էր և ապացուցեց, որ բանավիճել ծայրահեղ աջի հետ բարդ է, երբեմն ընդհանրապես անհնար՝ պահպանելով պատշաճության ժողովրդավարական կանոնները:
L’Alsace
Փաստ չէ, որ այս բանավեճը լուրջ ազդեցություն կունենա մայիսի 7-ի քվեարկության վրա, բայց կմտնի պատմության մեջ: Մարին լը Պենի ագրեսիվ պահվածքը դառնում էր խեղդող՝ լինելով լիովին հակառակ նրա մրցակցի մարտավարությանը: Ծայրահեղ աջ թեկնածուն մշտապես հարձակվում ու նույնիսկ հրահրում էր իր ընդդիմախոսին, Էմանուել Մակրոնը համատեղում էր հակագրոհները և մանկավարժի մեթոդիկան: Զրոյական արդյունքը տրամաբանական է թվում:
Արտասահմանյան թերթերը նույնպես անդրադարձան երկու թեկնածուների եզրափակիչ հեռուստաբանավեճին.
Գերմանական Die Welt-ը կարծում է, որ մասամբ վարողներն են մեղավոր, որ Էմանուել Մակրոնի ու Մարին լը Պենի հեռուստաբանավեճը դարձավ վատագույնը 5-րդ հանրապետության պատմության մեջ: Մայիսի 3-ին, ընտրություններից չորս օր առաջ եզրափակիչ բանավեճը, ինչպես Ֆրանսիայի ընտրարշավի մյուս իրադարձությունները, լայն արձագանք գտան երկրից դուրս: Ինչպես ֆրանսիական մամուլի գերակշիռ մասը, արտասահմանցի լրագրողները բանավեճի հաղթող համարեցին Էմանուել Մակրոնին: Մեկնաբանների մեծ մասը նշել է բանավեճի անսովոր կոպտությունը:
Բրիտանական The Times-ը ընդգծել է ռեպլիկների կոշտությունը, որ փոխանակում էին բանավեճի մասնակիցները: Նրանք «վիրավորում էին միմանց, վիճելով տարբեր թեմաներով՝ տնտեսություն, Եվրամիություն, իսլամ, կոռուպցիա, վարողներն ապարդյուն փորձում էին վերահսկել կատարվողը»:
Daily Telegraph-ը եզրակացնում է, որ բացահայտ հաղթողը Էմանուել Մակրոնն էր: Մարին լը Պենը չկարողացավ պահպանել բանավեճի հիմնական կանոնը՝ հանգստություն պահպանել և ծանրակշիռ երևալ՝ «նախագահավայել»: Բացառությամբ անվտանգության խնդրի՝ նա վատ էր նախապատրաստվել և բոլոր թեմաների շուրջ խառնիխուռն էր խոսում:
Բրիտանական The Times-ը և գերմանական Die Welt-ը քննադատել են բանավեճը վարողներին, նրանց համարելով մասամբ մեղավոր, որ հեռուստաբանավեճն անցավ այդ մթնոլորտում՝ «անտարբեր թույլատրելով, որ թեկնածուները միմյանց վիրավորանքներով հեղեղեն»: Արդյունքը՝ ֆրանսիացի ընտրողները դարձան ականատես 5-րդ հանրապետության պատմության մեջ վատագույն հեռուստաբանավեճին:
Die Zeit-ը Մարին լը Պենի պահվածքը համեմատել է Դոնալդ Թրամփի պահվածքի հետ ընտրարշավում՝ ընդդիմախոսին ընդհատելով ու խոսքը անձնականին փոխադրելով, որ բանավեճը դարձնում էր քաղաքական վեճ գարեջրատանը: Die Zeit-ը ափսոսանք է հայտնել, որ Մակրոնը չհիշատակեց ֆրանս-գերմանական բարեկամությունը:
Իսպանական El Pais-ը գրում է, որ երկու թեկնածուների սովորական, քաղաքական բանավեճի փոխարեն հեռուստադիտողները ստացան «աննորմալ, ասիմետրիկ ծեծկռտուք», որտեղ «փաստարկներին հակադրվում էին հուզական հարձակումները», «անձնավորումը ու հաճախակի վիրավորանքները»:
Մադրիդի El Mundo-ն գրում է, որ Մարին լը Պենն արդեն «պատրաստ է ընտրություններում պարտությանը և փորձում էր հեռուստաբանավեճում հանդես գալ ընդդիմության ապագա ղեկավարի դերում»: Մակրոնը «կարողացավ ի ցույց դնել նրա հայտարությունների հակասությունները և ընդհանրութան մեջ չարյաց փոքրագույնն էր երևում»:
ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրարշավի հետ զուգահեռներն ավելի շատ են ԱՄՆ մամուլում: «Ֆրանսիացիներին բնորոշ ըստ էության բանավեճի փոխարեն՝ հեռուստադիտողները հարկադրված էին տեսնել ամերիկյան ոճի հեռուստահայհոյանք»՝ գրում է New York Times-ը:
Նրան երկրորդում է Washington Post-ը. «Ներկայացման մեջ, որ հիշեցնում է ինչպես էին խոսում իրար հետ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը», երկու թեկնածուներն էլ իրենց շատ ագրեսիվ էին պահում:
Իտալական Corriere della Serra-ն եզրափակում է բանավեճում հաղթողի թեման՝ թեպետ Մակրոնը «արհեստական» թեկնածու էր, «վատ չէր սարքված»:
RFI
Հ.Գ. Համաեվրոպական ընտրություններում Եվրամիությանը հաջողվեց եվրասկեպտիկներին ու ծայրահեղ աջերին «չհանձնել» Ավստրիան ու Նիդերլանդները, ԵՄ համահիմնադիրների ընտրությունները՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, ոչ միայն իրենց, այլև Եվրամիության ճակատագիրն են որոշելու: Եթե Մարին լը Պենը բացահայտ հայտարարում է ֆրեկզիտի մասին, նույնքան բացահայտ եվրաջատագով Էմանուել Մակրոնը ընտրարշավի վերջում հայտարարեց, որ Եվրամիությունը բարեփոխումների անհրաժեշտության առաջ է:
Սոցիոլոգիական տարբեր հարցումներով Էմանուել Մակրոնը Մարին լը Պենից առաջ է, բոլորն էլ նշում են, որ Մարին լը Պենի վարկանիշը հեռուստաբանավեճից հետո անկում ապրեց, երեք օր առաջ նրա վրա Բրետանում հավկիթներ էին փորձում նետել ու բղավում էին «Ֆաշիստ, հեռացիր», երկու օր առաջ նրան սուլոցներով էին դիմավորում այլ վայրում: Բայց ֆրանսիացիները հակասությունների սիրահար են: Եվ՝ հետո ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ սոցիոլոգիական բոլոր հարցումներով հաղթում էր Հիլարի Քլինթոնը, իսկ Սպիտակ տուն գնաց Դոնալդ Թրամփը: ԱՄՆ սոցիոլոգիական հարցումները մի արդարացում ունեն իրենց սխալի համար՝ ընտրողների ձայների պարզ մեծամասնությամբ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը մի քանի միլիոն ձայն ավելին ստացավ հանրապետական Դոնալդ Թրամփից:
Harris Interactive ընկերությունը մայիսի 2-5-ին հարցախույզ է արել 4991 քաղաքացու շրջանում, որի համաձայն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնը շանս ունի ստանալ 62 %, Մարին լը Պենը՝ 38 %: Odoxa ընկերությունը 998 ֆրանսիացիների է մայիսի 4-ին «հարցաքննե»՝ 20 %-ը դեռ չի կողմնորոշվել, 25 %-ը ընդհանրապես վստահ չէ, որ կգնա ընտրության: Հենց դա կարող է Մարին լը Պենի օգտին լինել՝ եթե ֆրանսիացիները որոշեն, որ Մակրոնն առանց իրենց էլ հաղթում է ու չգնան ընտրության:
Մնաց մեկ օր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ